Ֆրանսիան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հռչակագրի ստորագրումը, փոխանցում է France24-ը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը համաձայնությունները կարևոր առաջընթաց է որակել և հույս հայտնել, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի և կհաստատվի։ Փարիզը նաև աջակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների լուծարման գաղափարին։
Ֆրանսիան շեշտել է կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը՝ համաձայն 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի։
Փարիզը հայտարարել է նաև, որ պատրաստ է շարունակել մասնակցությունը կարգավորման գործընթացին՝ եվրոպական գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահի Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրել են խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը, որով կողմերը համաձայնել են ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։
Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







