Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած հերթական նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը, քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրել է, որ հաշվետվությունն ընդգրկել է 2018-2019-թթ: Իրականացվել է կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել են հարցման, արտաքին հաստատման, վերահաշվարկի, վերակատարման և վերլուծական ընթացակարգերը:
Դավիթ Չիբուխչյանի խոսքով` հաշվեքննությունը բաժանված է 2 հիմնական ուղղությունների. առաջինը՝ 2018-2019թթ ստուգման ծրագրի կազմման գործընթացն է, երկրորդը՝ 2018 թ-ի ընթացքում իրականացված ստուգումները: 2018թ-ին ստուգումներն իրականացվել են 2017 և 2018 թթ-ի, ինչպես նաև 2018-2019 թթ ծրագրերով:
ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամը նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2018թ-ի ընթացքում 2017-2018թթ ծրագրով սահմանված հարկ վճարողներից իրականացրել է 522 ստուգում, հայտնաբերվել է 13 մլդ դրամ, 2018-2019 թթ ստուգման ծրագրով իրականացվել է 285 ստուգում և արձանագրվել 1,7 մլդ դրամ: Մասնավորապես 522 ստուգումից 417-ն իրականացվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին ռիսկայնության և 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրվել է 12,9 մլդ դրամ:
2017-2018թթ ստուգման ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների 80 տոկոսը, ըստ բանախոսի, կատարվել են բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում հայտնաբերված գումարը կազմում է ընդհանուր հայտնաբերված գումարի 83 տոկոսը, իսկ 2018-2019թթ ստուգման ծրագրի ծրջանակներում ստուգումների 74 տոկոսն է կատարվել բարձր ռիսկայնության խմբում, սակայն դրա արդյունքում հայտնաբերված գումարը կազմում է ընդհանուր հայտնաբերվածի ընդամենը 42 տոկոսը:
Ստուգումների գործընթացի ավարտից հետո ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ ՊԵԿ-ին ներկայացրել է մի շարք առաջարկներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացրած առաջարկներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







