1․ «168 ժամ» թերթը գրում է. «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին:
«Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում:
Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական շահերի մասին: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը վկայում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների: Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում»,- ասել է նա:
«Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն»,- հավելել է նա:
2․«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ։
Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ո՛չ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ո՛չ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու համար, հեղափոխական իր թեզերը ներկայացնելու-տարածելու համար հանդիպում չունեցավ հայկական համայնքների հետ։Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ և այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից», ասել է թերթի աղբյուրը։
3․«Փաստ» թերթի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ Բեռլինում կայացած առանձնազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմաթիվ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին`Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։
Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել ևս, որ հարցերի դիվանագիտական ձևակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։
Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, և եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին և չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում»:
4․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձև այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը տեղեկություն ունի, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր է հիմնվում։
Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի ոչ միայն աշխատողները, այլև տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու:
Երևանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում»:
5․«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուր հազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին:
6․«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից:
Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ:
Թերթի տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը հենց քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձևավորումը, քարոզչություն իրականացնողները և դրանց ձևերը, այսինքն՝ թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը:
Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաև մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը ևս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով և ձևաչափով։
Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:
Դավիթ Կարապետյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է և վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից»:
7․«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի լարվածություն է առաջացել աշխատակիցների և կառույցի ղեկավար Հակոբ Ավագյանի միջև:
Բանն այն է, որ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ, որևէ առնչություն չունի առողջապահության համակարգի հետ, և ոլորտից նրա անտեղյակությունը անձնակազմի հետ էական հակասությունների պատճառ է դարձել: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, Ավագյանի տեղակալները, որոնցից մեկն, ի դեպ, ըստ տեսչական մարմնում պտտվող խոսակցությունների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը:
Հավանական է համարվում, որ նրանք աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնեն վարչապետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով տեսչությունում տիրող իրավիճակի վրա: Կառուցի թերթի աղբյուրը չբացառեց, որ տեղակալներին կմիանան նաև որոշ վարչությունների պետեր:
8․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման:
Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են:
Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, և ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից:
Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետևանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչև դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն:
9․«Հրապարակ» թերթը գրում , որ դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։
Նաև դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, և, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







