Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել բոյկոտել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Ղազարյանը գրել է, որ իր կյանքում առաջին անգամ չի մասնակցելու հանրաքվեին և կոչ է արել իր ընկերներին, հարազատներին և բարեկամներին լուրջ չվերաբերվել հանրաքվեին:
«Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, մտերիմներին ու բարեկամներին լուրջ չվերաբերվել այս հանրաքվեին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ չմասնակցել այդ խարդավանքին»- գրել է Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել են այս գրառմանը:
«Սահմանադրական դատարանի՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն համարում է հակասահմանադրական և այն բոյկոտելու կոչ է անում։
Շնորհակալ եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարին ՍԴ շուրջ առկա խնդիրն էլ ավելի ակներև դարձնելու ու մեր քաղաքացիներին հանրաքվեին ԱՅՈ ասելու ևս մեկ պատճառ տալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։
«Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում»,- արձագանքելով Էդգար Ղազարյանի գրառմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







