Ընդամենը մեկ օրվա ընթացքում միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը կրճատվել է 34 միլիարդ դոլարով, գրել է Bloomberg-ը։ Ըստ գործակալության՝ սա «Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի» պատմության մեջ երկրորդ խոշոր կորուստն է։ Ներկայիս վնասը Մասկին հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ծագած հակամարտության հետևանքով Մասկի՝ Սպիտան տան ղեկավարի վարչակազմից հեռանալուց հետո:
Associated Press-ը, իր հերթին, գրել է, որ Թրամփի և Մասկի հարաբերությունները խզվել են, այդ մասին են վկայում նրանց գրառումները: Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Երկու միլիարդատերերի միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներն սկսվել են այն բանից հետո, երբ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, երեկ՝ հունիսի 5-ին, պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում:
Այս փոխադարձ մեղադրանքները հանգեցրել են Tesla-ի բաժնետոմսերի 14% անկման։ Չնայած այս կորուստներին՝ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ մոտ 335 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս հակամարտությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացրել՝ ազդելով բիզնեսի և քաղաքականության ոլորտների վրա, հավելել է Bloomberg-ը:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







