Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 8-ից սկսել են Հայաստանի անկախության պաշտպանության և նոր Սահմանադրության դեմ հանրային իրազեկման ակցիաները։
Ակցիաները մեկնարկել են Երևանի մետրոպոլիտենից։ Նախաձեռնության մասնակիցները Սահմանադրության հնարավոր փոփոխությունը դիտարկում են որպես երկրի ինքնիշխանությանն առնչվող հարց։
«Սկսում ենք անկախության պաշտպանության իրազեկման հետ կապված ակցիաները։ Այժմ մետրոպոլիտենում ենք, կշարժվենք տարբեր ուղղությամբ»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին ընդգծել է, որ նախաձեռնությունը միայն սահմանադրական փոփոխությունների առանձին դրույթներին չի վերաբերում։
«Սա պարզապես Սահմանադրության որևէ հոդվածի խնդիր չէ, սա անկախության ու ինքնիշխանության հարց է»,- ասել է Վարդանյանը։
Իրազեկման ակցիաների մասնակիցները մտադիր են մայրաքաղաքում տարբեր ուղղություններով շարունակել հանրության հետ շփումները։
Իրազեկման ակցիաներին նախորդել էր Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ընդդիմադիր գործիչների համախմբումը։ Հոկտեմբերի 30-ին երկու խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը։
Ընդդիմադիր 12 քաղաքական ուժեր նոյեմբերի 4-ին հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին՝ համաձայնության գալով չորս առաջնահերթության շուրջ։ Դրանք են՝ «ալիևյան սահմանադրության» պարտադրանքի մերժումը, խաղաղության հաստատումն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը։
Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ պահանջելով նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հիշատակումը տարածքային պահանջ է ենթադրում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկախության հռչակագիրը չպետք է լինի նոր Սահմանադրության մեջ։
Այս համատեքստում ընդդիմադիր գործիչները Սահմանադրության փոփոխության հարցը ներկայացնում են ոչ միայն որպես իրավական, այլև Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության խնդիր։
Հայաստանի ընդդիմադիր ուժերը քննադատում են Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների մոտեցումը՝ պնդելով, որ Սահմանադրության փոփոխությունը չի կարող իրականացվել այլ պետության պահանջով։
Ընդդիմության ներկայացուցիչների գնահատմամբ՝ հարցը դուրս է գալիս իրավական բարեփոխումների շրջանակից և անմիջականորեն առնչվում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և պետական որոշումների կայացման ազատությանը։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։ Իշխող ուժի համար սա բավարար չէ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունն ապահովելու նպատակով։
Հետևաբար իշխանությանը անհրաժեշտ է ևս առնվազն վեց պատգամավորի աջակցություն։
Փաշինյանը հոկտեմբերի 22-ին չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, եթե ընդդիմությունը հրաժարվի աջակցել հանրաքվեին։ Սակայն «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը։
Հոկտեմբերի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կարող է ընդդիմությանն այնպիսի առաջարկ անել, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։ Նա խոսել էր նաև ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշումների մասին։ «Ուժեղ Հայաստանը» իր առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումը ճնշումների մեկնարկ էր անվանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






