Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ի ալիքով։
«Եվրոպացի մեր գործընկերները և մենք արձանագրել ենք, որ որևէ երկրի՝ Եվրոպական միության անդամ դառնալը պարզ գործընթաց չէ։ Նախ Եվրոպական միության բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն և նույնքան, բայց ոչ պակաս կարևոր է՝ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ երկրում բարեփոխումներ են իրականացվում այդ չափանիշներին համապատասխանելու համար։
«Կա երկու տարբերակ՝ կա՛մ Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ, կա՛մ չեն ընդունում։ Եթե Հայաստանին ընդունում են, շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում՝ էլի Հայաստանն այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան երկիր»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Բրյուսել կատարած իր վերջին այցի ընթացքում քննարկել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը:
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Մանրամասները՝ տեսանյութում։



































