Ռուսական իշխանությունները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված վերապահումներ ունեն և չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ռուսաստանյան աղբյուրին։
Ըստ թերթի՝ մյուս բոլոր ուժերին ՌԴ-ից հրահանգել են աշխատել, պայքարել, ակտիվանալ, որպեսզի աջակցեն առավել ընդունելի գործչին: Թերթի տեղեկությամբ՝ սրանով են բացատրում Սարգսյանի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում:
Լրատվականը նշել է, որ Ռուսաստանն այժմ ավելի է հետաքրքրված Հայաստանով, և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը Հայաստանի ուղղությունը համակարգողի պաշտոնում պատահական չէ:
Թերթի տվյալներով՝ այս կադրային փոփոխությունն իրականացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կիրիենկոյի նշանակումից հետո հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչներ այցելել էին Մոսկվա և ունեցել տարբեր մակարդակի հանդիպումներ։
Ապրիլի 25-ին մամուլը գրել էր, որ Ռուսաստանի կառավարող օղակներում հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվանալու համար թեկնածուներ են քննարկում։