Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուս դիվանագետը շեշտել է՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նա հավելել է՝ տարածաշրջանի այս երկու երկրների հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության համար։
Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-հայաստանյան հարաբերություններին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Նրանք նախկինում ունեցել են չորս հանդիպում՝ մեկը Մոսկվայում և երեքը՝ Վիեննայում։
2024 թվականի հուլիսի 30-ին կողմերը հանդիպել էին Մարգարա-Ալիջան անցման կետում։ Ռուբինյանը և Քըլըչը համաձայնության էին եկել անցկացնել տեխնիկական կարիքների գնահատում՝ «տարածաշրջանային զարգացումներին համապատասխան», որը թույլ կտա բացել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետը: Նախկինում նաև պայմանավորվածություն էին ձեռք բերել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար բացելու վերաբերյալ, սակայն մինչև օրս դա չի իրականացել: Թե երբ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, հայտնի չէ: