Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր չէ ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածի համար՝ չնայած ԱՄՆ նախագահի վարչակազմի կոչերին, հայտնել է BBC News-ը՝ վկայակոչելով մարտի 2-ին Զելենսկու՝ Լոնդոնի Ստանսթեդ օդանավակայանում բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցը։
«Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Թրամփի պահանջներից մեկը՝ ստորագրել համաձայնագիր օգտակար հանածոների վերաբերյալ՝ ԱՄՆ-ին հնարավորություն տալով օգտվել Ուկրաինայի ռեսուրսներից։ Սակայն նրա խոսքում ու տոնայնության մեջ հաշտության ցանկության նշույլ չկար»,- գրում է կայքը։
Ինչպես նշել է BBC-ի թղթակից Լաուրա Կուենսբերգը, Զելենսկին զգույշ է ընտրել իր խոսքերը, խոսել բացառապես ուկրաիներենով և խուսափել Թրամփի անունը նշելուց։
Նախագահն ընդգծել է, որ Սպիտակ տուն այցը հարգանքի նշան էր, սակայն այն, ինչ տեղի էր ունեցել Օվալաձև կաբինետում, ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին։ Նա հավելել է, որ երբեք «ոչ մեկին չի վիրավորի» և հույս է հայտնել, որ լարվածությունը ժամանակի ընթացքում կթուլանա։
Զելենսկին նաև ասել է, որ մտադիր չէ քննարկել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները հանձնելու կամ կապիտուլյացիայի հարցը։
«Մեր ազատություններն ու արժեքները չեն վաճառվում»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Սպիտակ տանը տեղի ունեցած թեժ բանավեճից հետո ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների շփումները շարունակվել են, բայց նախագահականից ցածր մակարդակով, հաղորդել է Sky News-ը։
Փետրվարի 28-ին Զելենսկին վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ Թրամփի հետ վեճից հետո։ Հազվագյուտ հողային մետաղների մասին համաձայնագրի ծրագրված ստորագրումը, որը նախատեսված էր որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղ բանակցությունների առաջին քայլ, չեղարկվել էր։