«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անուղղակիորեն» դա ասել է իրեն հավատարիմ մի քանի անձանց։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Փաշինյանը ՔՊ ներկայացուցիչներին հասկացրել է, որ «ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում իրենք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի պահել իշխանությունը»։
«Անգամ ակնարկել է, որ վատագույն դեպքում՝ ինքն անձամբ չի գլխավորի ցուցակը, մենակ թե «սվոյ» մարդ լինի»,- պարզաբանել է թերթը։
Ըստ լրատվականի՝ ՔՊ ներկայացուցիչներին այս լուրը ցնցել է, նրանք սկսել են իրենց վախերն արտահայտել, թե ո՞վ իմանա, ում կարող է «զոհաբերել» Փաշինյանը։
Հունվարի 20-22-ը MPG Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր ամենացածր միավորները (11,3%) հարցումների ողջ ընթացքում։ Հունվարի 25-ին Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրեր չկան։ Իր վարկանիշի անկումը Փաշինյանը հունվարի 31-ին պարզաբանել էր նրանով, որ «քաղաքականությունն այդպիսի բան է՝ վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու երբեք չի աճում, բայց այդպես չի լինում, որ աճում է ու էլ երբեք չի նվազում»։
Հունվարի 31-ին վարչեպատը պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյոք պատրաստվում է իր տիկին Աննա Հակոբյանը գլխավորել ՔՊ ցուցակը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասել էր, որ նման մտադրություն չունի։