Անհետ կորածների հարցով հունվարի 30-ին խորհրդարանում անցկացված փակ քննարկման ժամանակ ծնողների և հարազատների կողմից առաջնային պահանջն էր երկու պաշտոնյաների ներկայությունը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նրանք պնդում էին Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի ներկայության անրաժեշտության մասին, քանի որ, ըստ ծնողների, Քյարամյանի որոշմամբ՝ տասնյակ ծնողների չեն ներգրավել քննչական գործողություններին՝ զրկելով իրենց որդիների, հարազատների մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից:
Ծնողները նաև պահանջում էին Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանին կանչել հանդիպան, որն անցած տարվա փետրվարին ձերբակալվել էր ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար ծախսելու մեղադրանքով, ապա ազատ արձակվել։
Թերթը հավելել է, որ ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են:
«Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլևս չեն աշխատում` փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել և հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն և կպատասխանեն իրենց հարցերին»,- հավելել է թերթը։
Խորհրդարանում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպումը տևել էր շուրջ հինգ ժամ և լարված էր անցել, ծնողների մի մասի ինքնազգացողությունը վատացել էր։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մանրամասնել էր, որ անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։





































