ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 17-ին, քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ համաձայնագրով բանկը ՀՀ-ին տրամադրում է 13 միլիոն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ, լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի իրականացման համար։
«Ծրագիրն այժմ գործող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շարունակությունն է»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ վարկային համաձայնագրում նշված՝ վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, երրորդ ծրագիրն է սա։
Պապիկյանն ասաց, որ նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։
«Արդեն իսկ մի շարք մրցույթներ հայտարարված են Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ընդհանուր 23․1 կմ երկարությամբ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակներում կիրականացվի ևս 41․9 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգում։
Նախարարը նշեց, որ շուտով կավարտվեն 4 ճանապարհահատվածների՝ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի՝ 3․2 կմ երկարությամբ, Սյունիքի մարզի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի՝ 5․4 կմ երկարությամբ, և Գեղարքունիքի մարզի Մ11- Աղբրաձոր հատվածի երկու ճանապարհահատվածների՝ 7․8 և 6․7 կմ երկարությամբ, վերանորոգման աշխատանքները։
Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







