Հնարավոր է՝ օտարերկրյա տրանսֆերտները կարիք լինի հայտարարագրել, բայց դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ հարկման ենթակա չեն տարեկան մինչև 12 մլն դրամ օտարերկրյա փոխանցումները։
«12 մլն շեմից բարձր փոխանցումները ենթակա են հայտարարագրման»,- հավելել է նա։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 2025-ի հունվարի 21-ին հայտնել էր, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







