Ադրբեջանը միջազգային ասպարեզում ձգտում է հնարավորինս շատ քաղաքական և քարոզչական մասով նոր «քեյսեր» ստանալը, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ։ Այսպես է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։
Ընդդիմադիրը պատահական չի համարում ադրբեջանական հրապարակումներն այն մասին, թե իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ցուցմունք էր տվել, որ «44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռային հարվածն իր հրամանով չէր իրականացվել»:
Աբրահամյանը վստահ է, որ այս ամբողջ գործընթացը Բաքվին պետք է նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու նպատակով։
«Ադրբեջանը դա օգտագործում է Հայաստանի դեմ առաջիկա բանակցություններում որպես շանտաժ՝ հավելյալ զիջումներ ստանալու համար։ Այստեղ որևէ իրավական գործընթաց չեմ տեսնում, այն բացառապես քաղաքական է»,- պարզաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Խոսելով նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ իր գործում առկա կեղծիքների վերաբերյալ ուղերձի մասին՝ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը միջազգային ատյաններին «ծավալուն նյութ է տրամադրել նման պայմաններում հայտնված մարդկանց պաշտպանության համար»:
«Վարդանյանը շատ հստակ ասաց, որ այս դատական գործով անցնող հայերի մասով, ցուցմունքների, մեղադրանքների ու վկայությունների մասով շատ մեծ շինծու ու հնարածին պատմություն է կազմակերպված»,- եզրափակել է Աբրահամյանը:
Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում ՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Հունվարի 17-ին Բաքվում սկսվել են Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները: Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվի բանտում։ Նախկին պետնախարարը հունվարի 16-ի հայտարարության մեջ իր քրեական գործով բոլոր արձանագրությունները կեղծված է անվանել և մի քանի պահանջ է ներկայացրել ադրբեջանական իշխանություններին:
Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայերին աջակցելու կոչ էին արել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերության խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և այլ գործիչներ:
Հունվարի 19-ին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Միջազգային դատարան կներկայացնի Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







