Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:38

Փաշինյանը խոսել է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշման մասին ու սպառնացել «քաղաքական աղետով»

Փաշինյանը խոսել է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշման մասին ու սպառնացել «քաղաքական աղետով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի ընդդիմության նկատմամբ հանրային ճնշումը, եթե վերջինս խոչընդոտի նոր Սահմանադրության ընդունմանը և ձևավորվի համապատասխան հանրային տրամադրություն։ Հայտարարությունները Փաշինյանն արել է Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Նա նաև ընդդիմադիր ուժերին «քաղաքական աղետով» է սպառնացել՝ պնդելով, որ նրանց գործունեությունը «կապված է արտաքին ուժերի տված երաշխիքների հետ»։

Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը պետք է համոզիչ պատասխաններ տա այն հարցերին, թե արդյոք նոր Սահմանադրության ընդունումը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնեն վերջնական ու համապարփակ խաղաղության։

Նա համոզմունք է հայտնել, որ այդ հարցերին դրական պատասխաններ ստանալու դեպքում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կմասնակցի հանրաքվեին և կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։

Վարչապետի գնահատմամբ՝ եթե այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմանը և խոչընդոտի գործընթացը, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը։

«Այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հանրային տրամադրությունները կախված կլինեն իշխանության ներկայացրած պատասխաններից։

Վարչապետը նաև հայտնել է, որ մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին։ Նրա խոսքով՝ դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումները, նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

Փաշինյանը նույն ելույթում հայտարարել է, որ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս կան ուժեր, որոնք փորձում են խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Նրա պնդմամբ՝ այդ նպատակով գործում է այսպես կոչված «գաղտնի պլան», որի իրագործման համար Հայաստանի ներսում բավարար ռեսուրսներ չկան, հետևաբար դրա հեղինակները փորձում են արտաքին աջակցություն ներգրավել։

Վարչապետը նշել է, որ այդ ծրագիրն աջակցություն ունի Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի որոշ շրջանակներում։

Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները Հայաստան են գործուղվել արտաքին ուժերի տված խոստումներով և երաշխիքներով։ Փաշինյանը չի հրապարակել իր պնդումները հիմնավորող կոնկրետ ապացույցներ։

«Թույլ տվեք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ, և ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ, բարեբախտաբար, ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունը ավարտվելու է քաղաքական աղետով մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների համար»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունները բավարար են նման պնդում անելու համար։

Նա ընդդիմադիր ուժերին հորդորել է հրաժարվել արտաքին երաշխավորների աջակցությունից՝ հայտարարելով, որ նրանք դեռ ժամանակ ունեն խուսափելու «քաղաքական աղետից»։

Փաշինյանը նաև պնդել է, որ Հայաստանի քաղաքական ուժերի համար միակ երաշխավորը պետք է լինի Հայաստանի ժողովուրդը։

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է խորհրդարանական ընդդիմության աջակցությունը։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է Ազգային ժողովի 105 մանդատից 64-ը։ Սահմանադրության 202-րդ հոդվածով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի աջակցությունը։ Այսպիսով՝ իշխող ուժին պակասում է առնվազն վեց ձայն։

Խորհրդարանական «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները դեմ են նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությանը՝ այն կապելով Ադրբեջանի պահանջների հետ։ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ առարկելով Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղմանը։

Բաքուն պնդում է, որ հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հիշատակումը տարածքային պահանջ է ենթադրում։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ 

Նա հոկտեմբերի 22-ին չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե իշխանությանը չհաջողվի ընդդիմությանը համոզել աջակցել նոր Սահմանադրության հանրաքվեին։ Սակայն հոկտեմբերի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմությանն այնպիսի առաջարկ անելու հնարավորություն է տեսնում, որից վերջինս չի կարողանա հրաժարվել և կաջակցի հանրաքվեի անցկացմանը։ Նա հենց այդ օրն էլ խոսել էր ընդդիմության նկատմամբ հնարավոր ճնշումների մասին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էին, որ չեն աջակցի Փաշինյանի հնարավոր առաջարկին և կողմ չեն քվեարկի հանրաքվեի անցկացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+