Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի չի զրկել որևէ լիազորություններից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն արդյոք Քաղավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկել է Հայաստանի տարածքում ավիաընկերություններին լիցենզավորելու իրավունքից։
Պողոսյանը տեղեկացրեց, որ Գործակալության կողմից կիրառվող սահմանափակումները վերաբերում են երկու ավիաընկերությունների, որոնք Եվրոպական միության երկրներ թռիչքներ իրականացնելու համար ունեցել են թույլտվություն:
«Այս խնդիրները տարիների պատմություն ունի։ Օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ եվրոպական պետություններում որոշ ավիաընկերություններ գրանցել են թերություններ, որոնք սպառնալիք կարող են լինել թռիչքների անվտանգությանը կամ չեն համապատասխանում միջազգային իրավական կանոնակարգերին։ Այդ իսկ պատճառով սկսել է կասկած առաջանալ վերահսկողություն իրականացնող մարմնի նկատմամբ»,- ասաց Գալուստ Պողոսյանը։
Պողոսյանը հայտնեց, որ դեռևս 2018-2019 թվականներին մեր որոշ ավիաընկերություններ ներկայացրել են հայտ եվրոպական պետություններ թռիչքներ իրականացնելու համար։ Երկարաձգելու հայտ ևս ներկայացրել են, և նույնպես արձանագրվել են թերություններ։ Այդ ամբողջական փաթեթը հանգեցրել է նրան, որ եվրոպական կառույցները սկսել են ավելի խոր ուսումնասիրել, թե ինչ է կատարվում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում»,- ասաց Պողոսյանը։
Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ ընդգծեց, որ տեսչական ստուգումների ընթացքում եթե կոմիտեն թերություններ նկատեր, ապա տվյալ ավիաընկերությունները չէին կարողանա դիմել եվրոպական երկրներում չվերթեր իրականացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







