ՄԱԿ-ը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վաշինգտոնյան բանակցություններն արդյունավետ կլինեն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ բանակցային գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն այս երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Դյուժարիկը։
Միրզոյանը հուլիսի 9-10-ը մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը նշել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պատմական պայմանագրի» կնքման ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






