«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ հունիսի 1-ին շարժման աջակիցները մեկնելու են Գյումրի, որտեղ հանրահավաք կանցկացնեն։
Գալստանյանը նշել է, որ երեխաների միջազգային օրվա առթիվ Գյումրիում շարժման համախոհները երեխաների հետ են հանդիպելու և երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք է կայանալու քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։
Նրա խոսքով՝ այցը կարևոր է, որպեսզի մայրաքաղաքում տեղի ունեցողի մասին գյումրեցիներն «առաջին ձեռքից» տեղեկանան և մասնակցեն։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մայիսի 31-ին շարժման մասնակիցներն ակցիա էին անցկացրել ԱԳՆ շենքի մոտ։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ժամը 16։30-ի դրությամբ բերման էր ենթարկվել ակցիայի 26 մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






