Վերջին օրերին տարբեր պաշտոնյաներ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հարաբերություններ հաստատելու միջոցներ են փնտրում, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ պաշտոնյաներն իրենց համակրանքը և աջակցության պատրաստակամությունն են ուզում փոխանցել Գալստանյանին։
Թերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ համակարգում՝ անգամ ԱԱԾ տարբեր օղակներում, հետևում են հակաիշխանական շարժմանը։
«Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, և իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, և այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ»,- գրել է թերթը:
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






