ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում դիտարկել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի թեկնածությունը, սակայն Թունյանն անմիջապես հրաժարվել է և չի ցանկացել առաջադրվել նախարարի պաշտոնում, գրել է «Ժողովուրդը»։
«Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց նրա կադրային բանկն այնքան աղքատիկ է, որ այլ համապատասխան թեկնածու չի գտել: Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը ՔՊ վարչության նիստի վերջին պահին է որոշվել»,- գրել է թերթը:
Օրաթերթի տեղեկություններով՝ նրա թեկնածությունն ընդունվել է բոլոր անդամների կողմ քվեարկությամբ։
Պապոյանի փոխարեն ԱԺ մանդատ կստանա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել էր Պապոյանին առաջադրել Էկոնոմիկայի նախարարության ղեկավարի պաշտոնում, փետրվարի 26-ին նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական էր տվել։ Վերջինս փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ՝ նախարարությունում գնումների գործընթացի հետ կապված չարաշահումների գործով, որին մասնակցել են «Սիներջի» ընկերությունն ու «Հարմոնիա» հիմնադրամը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






