Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։
Փոխվարչապետը հիշեցրեց ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների նկատմամբ նոր սահմանափակումների ներդրման, ինչպես նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման մասին:
Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ։
Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր սահմանափակումների սահմանմամբ Հայաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ նույն որոշմամբ սահմանված դեպքերի: Ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը պատժվում է վարչական օրենսգրքով:
Պարետը քաղաքացիներին կոչ է արել անշեղորեն հետևել այդ սահմանափակումներին, լրջորեն վերաբերվել ստեղծված իրավիճակին և պարետատանը ժամանակ տալ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար: Պարետը նաև նշել է, որ այսօրվանից կարող են լրացուցիչ խստացումներ սահմանվել մինչև մարտի 31-ը՝ մարդկանց տեղաշարժը նվազեցնելու և վիրուսի տարածումն արդյունավետորեն կանխելու, վարակի օջախներն ու շղթաները գտնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







