ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ՀՀ ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ հայտնել է, որ 2024 թվականին առանձին մարզերում, օրինակ՝ Կոտայքում, կհայտարարվի թափառող շների որսման և ստերիլիզացման նոր մրցույթ:
Հակոբյանի խոսքով՝ Վայոց ձորում ստերջացում չի իրականացվել և ըստ տեղական ինքնակառավարման մարմնից ստացած տեղեկությունների՝ խնդիրը կապված է ֆինանսական ծախսերի հետ, այժմ քննարկվում է կենդանիների խնամքի կենտրոն հիմնելու հարցը։
Ըստ ոստիկանության ներկայացուցչի տվյալների՝ 2022 թվականին արձանագրվել է 133 դեպք, 2023 թվականին՝ 134, 2024 թվականի հունվար ամսին՝ 5 դեպք․ «2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ոստիկանություն ստացվող ահազանգերը հիմնականում վերաբերել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի, աղբամանների մոտ հավքվելու դեպքերին»,- մանրամասնել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները հիմնականում ահազանգում են, որ թափառող շների պատճառով վախենում են անչափահաս երեխաներին դպրոց ուղարկել առանց ուղեկցության․ «Ստացված ահազանգերի և դիմումների գերակշիռ մասը վերաբերում են Երևան քաղաքին, իսկ մարզերից թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր և դիմումներ ստացել ենք Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերից»,- ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ խնդրահարույց են նաև վարչական տարածքներում շների ստերջացման հարցերը, խնդիրը հատկապես ակնհայտ է մարզերում։
Հակոբյանը նաև անդրադարձել է կենդանիների դեմ դաժան վերաբերմունքին և նշել դեպքերի քանակը․ «2022 թվականին 19 դեպք է արձանագրվել, 2023 թվականին՝ 45, 2024 թվականին՝ 3 դեպք։ Այս բոլոր դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել, և 2022 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 3 անձ, 2023 թվականին՝ 2, իսկ 2024 թվականին դեռևս հանցագործությունները մնացել են չբացահայտված»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






