Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նախ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսլիությունն ապահովել։ Երկրորդ, անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու»,- գրել է պատգամավորը:
Աբրահամյանի խոսքով՝ մյուս վտանգավոր հանգամանքն Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչն այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ:
«Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում` նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի` խաղա՞ղ, թե՞ պատերազմական»,- եզրափակել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր «վերադառնալ» Հայաստանի Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







