Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունը Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանները հարգելու վերաբերյալ, ասված է Ելիսեյան պալատի՝ Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ։
«Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ասված է, որ Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել կատարել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ամենակարճ ժամկետում ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելության՝ Հայաստանի օգտին ունեցած ներդրման կարևորության մասին:
«Ի վերջո, նրանք ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։ Հանրապետության նախագահը հատուկ ընդգծել է թշնամական որևէ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- նշված է հայտարարության տեքստում:
Շշենք, որ Բաքուն Մակրոնին մեղադրել է հնգակողմ հանդիպման արդյունքները խեղաթյուրելու մեջ։
Երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կարծում է, որ Քիշնևում կայացած հանդիպմանը հաջորդած Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը դրական ներդրում չունի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանում կայունության վրա։
«Հանդիպման մասին Մակրոնի կողմից հետագայում միակողմանիորեն արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը»,- ընդգծել է նա։
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ էր ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», — ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






