Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով դիտարկամանը, թե բարձր մակարդակի բանակցությունները, որոնք վարում էին վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում և Երևանում անցած շաբաթվա ընթացքում, արդյունք չտվեցին:
«Պետքարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և առևտուր»,- ասել է Պատելը:
Հարցին, թե տեղում բանակցությունների ժամանակ հնարավոր չէ՞ր տեսնել նման գործողության նախապատրասումը՝ Պատելը պատասխանել է.
«Ես պարզապես չեմ պատրաստվում խորանալ տեղում դիվանագիտական գնահատականների կամ մեր ունեցած խոսակցությունների առանձնահատկությունների մեջ»:
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







