ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հարցին, թե ինչպե՞ս են այդ հարաբերությունները վատթարացել ներկայիս իշխանության օրոք՝ Ս. Սարգսյանը նշեց. «Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով Արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և, իրենց կարծիքով, ՀՀ-ում ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով են փչացրել հայ-ռուսական հարաբերությունները: Նաև իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտողար գեներալ-գնդապետ Խաչատուրովին անհիմն մեղադրանք առաջադրելով են փչացրել այդ հարաբերությունները»:
Անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ հենց Ս. Սարգսյանի օրոք են փչացել հայ-ռուսական հարաբերությունները, նա շեշտեց. «Եթե Հայաստանի կառավարիչը փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ: Միայն կարող եմ ասել, որ լինի՛ նամակ, լինի՛ համաձայնագիր, գաղտնի գրիֆոֆ, թե սովորական որևէ այլ փաստաթուղթ, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել»:
Խոսելով Փաշինյանի մատնանշած գաղտնի գրիֆոֆ նամակի մասին՝ նա հավելեց. «Թող հրապարակի, գաղտնազերծի, եթե չհրապակի՝ ստախոս է»:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացին, Սարգսյանը նշեց, որ եթե այս պահին փաստաթուղթ ստորգրվի, այնտեղ անտեսվելու է հայկական շահը:
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել՝ Սարգսյանը նշեց. «Ամեն անգամ ՀՀ կառավարչի մասին հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց՝ ինքս ինձ համար փորձում հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում բարոյականությա՞ն, փասատթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության հետ խնդիր ունի, որովհետև երբ ուզում, հիշողությունը կորցնում է, երբ ուզում, խախտում է բոլոր նորմերը: Ինչ ուզում անում է, երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում: Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ բանակցող կողմերից 5-ն էլ մինչև 2018 թվականը համարում էին, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում է ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը»:
Նա նշեց, որ 2018-ից հետո «միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է»:
«Ամոթ է: Թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն ՀՀ տարածքից ինքչան ենք կորցրել. 100 անգամ ավելի, քան Ապրիլյան պատերազմում: Այդպե՞ս ենք խաղաղության գնում»,-ընդգծեց Ս. Սարգսյանը՝
աղետաբեր որակելով Փաշինյանի կառավարման հինգ տարիները:
«Թող ընդդիմադիր թերթ վերցնի ու սկսի սրա նրա մասին բանսարկություններ գրել, ուրիշ բանի պիտանի չէ»,-եզրափակեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել հենց Սարգսյանի իշխանության օրոք: Նա նշել էր, որ ՌԴ-ն միևնույն ժամանակ խստորեն սահմանափակել էր զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը: Փաշինյանը նաև ընդգծել էր, թե այդ մասին իմացել է 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, «ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է՝ հույժ գաղտնի գրիֆի ներքո»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































