Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը գծագրված, պլանավորված սադրանքներ է հրահրում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Տարբեր նպատակներ ունենալով՝ Ադրբեջանն իրավիճակը աստիճանաբար տաքացնում է։ Չկա որևէ երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինելու, ինչի մասին հենց իշխանությունն ինքն է հայտարարել: Մարտավարական առումով, իհարկե, կարելի է քննարկել՝ միանգամից գնալ խաղաղության պայմանագրի, թե՞ շրջանակային պայմանագրի: Այս իրավիճակում ամենակարևոր հարցն այն է, թե ինչ սկզբունքների հիման վրա է գործընթացն ընթանում: Որովհետև, եթե պայմանականակորեն Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն արձանագրված չէ շրջանակային պայմանագրում, հետագայում նաև խաղաղության պայմանագրում, ապա գործընթացը որևէ նշանակություն չունի: Այսինքն՝ կարևոր է, թե ինչ սկզբունքների շուրջ է կառուցվում գոծընթացը, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ արձնագրված չէ գործընթացում»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե փաստաթղթից հանում են ԼՂ հարցը՝ Աբրահամյանը նշեց.
«Վերջին հարցը, որը քննարկվում էր, Արցախի հարցը սերունդներին թողնելու տարբերակն էր: Բայց ո՞վ է ասում, որ մեր ընտրությունը եղել է վատի ու վատագույնի միջև: Եթե սերունդներին է թողնվում, ապա պետք է հասկանալ՝ արդյոք դա թույլ է տալիս անվտանգություն ու կայունություն ապահովել: Միանաշանակ է, որ այդպես չի լինելու: Բացի այդ, երբ գործընթացը թողնվում է սերունդներին, չի նշանակում, որ էջը փակվելու է: Նշանակում է՝ գործընթացը տեղի է ունենալու, բայց շատ ավելի ինտեսնիվ»,- նշեց նա: