Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հայտնում է ՀՀ ազգային ժողովի կայքը։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում և փաստացիորեն ներկայացնում են իրականությունը, ապա դիմել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին։
«Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լավ եմ ես ձեզ հասկանում, թե որքան դժվար է տարիներ շարունակ պաշտպանել չարը: Ամեն դեպքում, դա ձեր ընտրությունն է, բայց այս կազմակերպությունն արժեքների կազմակերպություն է, ըստ այդմ՝ եկեք խոսենք արժեքների մասին, քանզի կարևոր է, երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին»,- ասել է նա:
Վարդանյանի խոսքով, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցել են կազմակերպությանը, պարտավորություն են ստանձնել զերծ մնալ քաղաքական խնդիրների լուծման հարցում ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումից: Սակայն դա պատահեց 2020թ., և ոչ ոք չարձագանքեց:
«Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Այսօր, բարեբախտաբար, ձեզանից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ: Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջանում հայկական ուժերի առկայության մասին, ուզում եմ ասել, որ դա ամբողջովին սուտ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը»,- ասել է Վարդանյանը:
Նա նշել է, թե ինչ է կատարվում՝ մասնատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն և ընդգծել, որ ինքնապաշտպանության իրավունք ունենք և փորձում ենք իրացնել այդ իրավունքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







