Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, որը չի կարող անցնել: Այն չկա որևէ բանակցային փաստաթղթի մեջ և Հայաստանի տարածքով հնարավոր է տեղափոխվել Նախիջևան միայն ՀՀ օրենքին համապատասխան: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իշխանությունները բոլոր դեպքերում գնում են խաղաղության հաստատման օրակարգով: Եվ ի հեճուկս այն կանխատեսումների, թե այս իշխանությունները չեն կարողանալու բանակցել հարևան պետության հետ, հաջողությամբ բանակցում ենք:
«Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը՝ լուծենք մեր անվտանգային հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը՝ մատնանշելով խաղաղության օրակարգն ու բանակի ուղղությամբ օրենսդրական նախաձեռնության և կադրային մեծ փոփոխությունների հանգամանքը:
Իսկ բանակից 24 միլիոնի դիմաց ազատվելու մասին խոսելիս Սիմոնյանը շեշտեց, որ այն պետք է դնել արհեստավարժ դիրքերի վրա: Շատերն են ազատվում բանակից, իսկ այդ գումարը հնարավորություն կտա ունենալ ավելի արհեստավարժ ու պրոֆեսիոնալ բանակ, ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ մեկ զինվորի գումարով կարելի է երկու արհեստավարժ զինծառայողի սպասարկել:
Խոսելով սահմանային նոր էսկալացիաների մասին, Սիմոնյանն ասաց, որ դա ավելի շուտ ադրբեջանական հռետորաբանությունն է ու այս կամ այն ֆորմատի բանակցությունների վրա ազդեցություն թողնելու ցանկությունը: Այդ ոճին, Սիմոնյանի խոսքով, արդեն ծանոթ ենք, սակայն չպետք է հանգիստ նստել ու ասել՝ դա որևէ բան չի նշանակում:
«Սահմանային սադրանքները մշտապես զուգորդվում են հանդիպումներով, դրաց վրա ինչ-որ ազդեցություն ունեալու համար՝ թե հանդիպումներից առաջ, թե հետո: Դա հայտնի ձեռագիր է»,- ասաց Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







