ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ հարգանքի տուրք է մատուցել Բելգրադի հարավարևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին։ Այն հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։
ՀՀ նախագահին և նրա տիկնոջը ուղեկցել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը։
Արմեն Սարգսյանը գրառում է կատարել հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշվում է․
«Այս պատմական պահին հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին»։
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այնուհետև այցելել են Բելգրադի պատմական կենտրոնում գտնվող հնագույն «Կալեմագդան» ամրոց։ Շրջելով ամրոցում՝ նրանք ծաղիկներ են դրել հայատառ տապանաքարերին։
Բելգրադի քաղաքապետ Զորան Ռադոյիչիչն ասել է.
«Սերբ ժողովուրդը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, արժևորում է այն և գնահատում Հայաստանի նախագահի այցն այս պատմական վայր, որտեղ նաև հայկական հետք կա»։
Քաղաքապետը շեշտել է նաև, որ ուրախ կլինեն Բելգրադը և Երևանը հռչակել քույր քաղաքներ։
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







