ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Զախարովան հիշեցրեց, որ գործընթացը Մոսկվայում սկսվել է հունվարի 14-ին՝ Մոսկվայի անմիջական միջնորդությամբ։
«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Մենք ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի շահերից, կայունությունից և տնտեսական բարգավաճումից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: