Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է Զախարովան, նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ, սպասվում է հանդիպում նախագահի հետ։
«Նախատեսվում է քննարկել և մանրամասն դիտարկել մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացմանը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս համաձայնագրերը կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորումը և նպաստելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-10-ը աշխատանքային այցով Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որտեղ հանդիպումներ ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լավրովը Երևանում հնչեղ հայտարարություն արեց. իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում նա ասաց, որ իրավիճակը արցախյան Փառուխ գյուղում, որտեղ անցյալ տարվա մարտին ադրբեջանական զորքերը ներխուժել էին, կկարգավորվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին գործընթացի շրջանակներում։ Այս հայտարարությանը անմիջապես արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը չի նախատեսում Ղարաբաղի հետ կապված հարցերի քննարկում, ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում սրբագրեց Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Ըստ շտկված վարկածի՝ Լավրովն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կօգնի բարձրացնել Բաքվի և Երևանի միջև վստահությունը և կանխել Պարուխի նման միջադեպերը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







