«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ պատրաստվում էր այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարությունն է․ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Երեկ «լռություն էր փոթորիկից առաջ»․ ո՛չ հանրահավաք եղավ, ո՛չ երթ, քանի որ բոլորն աշխատում էին, որ այսօրվա 16.00-ի հանրահավաքը հնարավորինս տպավորիչ ու մարդաշատ լինի։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ը հայտարարել են «ջրբաժանի օր»։ «Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, կա՛մ թշնամու գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել եւ հաշտվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: Եվ, ահա, դեպքից գրեթե մեկ տարի անց կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն ինչ անել քրեական գործին ընթացք չտալու եւ այն դատարան չուղարկելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, նշանակման օրվանից փորձում է կատարել իշխանությունների հրահանգը եւ ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ, որ կարողանան նիստեր հրավիրել՝ կանոնակարգ, հաստիքացուցակ, համայնքի բյուջե հաստատել։ Սակայն քրեական աշխարհի հետ շփումներ ունեցող Ակային դա չի հաջողվում։ Եթե «մարդագողությունը» հաջողվեր, ապա արագությամբ ավագանու նիստ կհրավիրեին եւ կընդունեին համայնքի բյուջեն։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո դատարանը Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի հայցով մինչեւ հուլիսի 15-ն արգելել է ավագանու նիստերը եւ մերժել է «Ասլանյան դաշինքի» դիմումը՝ նիստ հրավիրելու թույլտվության խնդրանքով։ Բայց քանի որ իշխանությունները թքած ունեն դատարանի եւ օրենքի վրա, ուստի ավագանիում մեծամասնություն ունենալուն պես հրատապ նիստ կհրավիրեին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական վերադասավորումներից հետո եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: 2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը սկզբից որպես ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել: Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը եւ այլք: Պատգամավոր Արթուր Խաչատրյանին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու են տեղեկացրել, որ ակադեմիայում այլևս չի դասավանդում: Հանրապետական Արտակ Զաքարյանին ոչ թե ակադեմիայի ռեկտորը (այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատարը), այլ ամբիոնից են հայտնել՝ այլևս չի դասավանդելու»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







