Ազատության հրապարակում շարունակվում է երեկվանից սկսված բողոքի ակցիան և նստացույցը։
Ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան լայվով քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ պահը կրիտիկական է և առաջիկայում բեկումնային իրադարձություններ են սպասվում Արցախի հարցում։
Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Նրա կոչին միացել էին քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ։
Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ տուն չի գնալու Ազատության հրապարակից։
Երեկոյան ընդդիմադիրները ցանկանում էին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը տարել էր վրանները ու բերման ենթարկել հինգ անձի։ Արթուր Վանեցյանն ասել էր, որ եթե վրանները չբերեն, կամ թույլ չտան վրաններ տեղադրել, միևնույն է, իրենք մնալու են դրսում։
Արթուր Վանեցյանին ու կողմնակիցներին հաջողվել էր աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում և նստացույց անել։
Ազատության հրապարակ էին գնացել նաև խորհրդարանական ըննդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ողջունում են Վանեցյանի նախաձեռնությունը։
Նա նաև ասել էր, որ «Հայաստան» խմաբակցությունը ևս ունի պայքարի ծրագիր։
Սաղաթելյանի խոսքով՝ առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







