ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները»,- ասել է նա։
«Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Մենք ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը, Անդրկովկասում խաղաղության ու կայունության գործի առաջխաղացմանը»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի 9-ին։
«Մենք այս այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս այցն անցկացվի բարձր մակարդակով և լինի շատ բովանդակալից»,- ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







