Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր արձագանքել է մարտի 2-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հրապարակային դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի:
«ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը երկար տարիներ՝ 1994-ի պայմանագրի ստորագրումից հետո, միասնական կուռ համակարգ են եղել և՛ տնտեսության զարգացման ոլորտում, և՛ գյուղատնտեսության, նաև անվտանգության ոլորտում: Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը: Ընդհակառակը՝ իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար։ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը: Եվ այդ տարածքներում, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ դրանք հայկական տարածքներ են եղել: Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայրենիքի ազատագրման առումով այն մեր համար Սանասար է: Մարդիկ այդ հողերի համար կյանք են տվել։ Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել: Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,- ասաց Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







