«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը երբ դարձավ Երեւանի քաղաքապետ, պոպուլիստական քայլի գնաց՝ աճուրդի հանեց Տարոն Մարգարյանին սպասարկած Mercedes S-Class-ը եւ հրաժարվեց շքեղ ծառայողական մեքենայից ու վարորդից։ Մարությանին հատկացրին քաղաքապետարանի ավտոպարկում եղած մեքենաներից Nissan X-Trail մակնիշի քաղաքային փոքրիկ մի քրոսսովեր՝ առանց թիկնապահների եւ ուղեկցող մեքենայի։ Այն հիմնականում ինքը՝ Մարությանն էր վարում։ Այսօր Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալից դառնալով քաղաքապետ, պարզվեց՝ սպասարկող ծառայողական մեքենա չունի․ նախկինը վաճառել են, նորը չեն գնել, Մարությանին սպասարկած X-Trail-ն էլ կանգնեցրել են գարաժում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բյուրականի աստղադիտարանում տիրող վիճակի մասին վերջին շրջանում ավելի ու ավելի մտահոգիչ տեղեկություններ են հրապարակվում: Մեկ անգամ չէ, որ նշվել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Դրանից զատ, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Բյուրականի աստղադիտարանում 2020 թվականի վերջին ստուգումներ են կատարվել։ Մեր ունեցած տեղեկություններով, առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել:
Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա պարզվում է, որ բացահայտվել են բավականին խախտումներ ու չարաշահումներ, այդ թվում, մասնավորաբար, «Ռոսկոսմոս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման՝ բավականին խոշոր գումարով պայմանագրի առումով»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ գոնե նախագահացու Ալեն Սիմոնյանը:
Պարզվում է` Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ որոշել էր այցելել ցուցահանդես միայն այն ժամանակ, երբ բացման ելույթները եղել էին, մարդիկ էլ՝ ցրվել: Այո, փաստացի «ժողվարչապետը» խուսափում է նույնիսկ արվեստագետների ու արվեստասերների հետ հանդիպելուց»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրքերը Վաղարշակ Հարությունյանի անվան շուրջ դեռ շարունակվում են անգամ երազանքին հասնելուց՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո։ Ինչպես տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, այնպես էլ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից «через нехочу» վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է: «Առնվազն 5-7 կոնվենցիաներ կան, որոնց շրջանակներում պատերազմից հետո պետք է գործընթաց սկսեինք: Դրանք են վարձկանների, ահաբեկիչների ու նրանց ֆինանսավորման, խոշտանգումների դեմ կոնվենցիաները: Վերոնշյալ բոլոր երեւույթների հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո առնչվել ու շարունակում ենք առնչվել, բայց իրավական գործընթաց այդպես էլ չենք սկսել»,- ասում է նա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







