«Ուրախությամբ պետք է նկատեմ, որ Հայաստանի և Ավստրիայի միջև բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել։ Կա քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության լուրջ փորձ»,- այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անշուշտ, մենք չենք իրացրել մեր համագործակցության ողջ ներուժը։ Պարոն Շալենբերգի պատվիրակությանն ուղեկցում էր մեկ այլ լուրջ պատվիրակություն։ Մենք կբացենք Ավստրիական զարգացման գործակալությունը, որով մեր համագործակցությունը կշարունակվի»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ Շալենբերգի հետ առանձնազրույցում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ հակամարտության և հայ ռազմագերիների հետ վերադարձման հարցը։
«1 տարվա ընթացքում ավստրիական արտգործնախարարը երկրորդ անգամ է Հայաստանում, ինչը ցույց է տալիս մեր կողմից հայ-ավստրիական հարաբերություններին մեծ կարևորություն տալը»,- այս մասին հայտարարեց Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Որպես Ավստրիա և ԵՄ՝ մենք կայուն և խաղաղ Հարավային Կովկասի համար հոգ ենք տանելու։ Մենք վստահ ենք, որ այստեղ մեծ ներուժ կա։ Ես համարում եմ, որ կա հեռանկար և մի կետ, որ հասնենք խաղաղության։ Մեծ քայլ ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվող քայլերը»,- նշեց Ավստրիայի ԱԳ նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







