Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։
Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Շեշտել է, որ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, նույնպես պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։
Պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարևորությունը։
Փայլանը նշել է, որ երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև առկա նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդներն ապրել են միասին հարյուրավոր տարիներ։
Նրա գնահատմամբ՝ կարևոր քայլ է այն, որ և՛ Հայաստանի ավիաընկերությունը, և՛ Թուրքիայի ավիաընկերություններն ուղիղ չվերթներ են սկսելու իրականացնել։
«Կարծում եմ, որ դրան պետք է անպայման հետևի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ անպայման բացվի սահմանը»,- ընդգծել է Փայլանը և հավելել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, փոխադարձ դեսպանություններ բացվեն և դեսպաններ նշանակվեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով: Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի։ ՀՀ ԱԳՆ-ը դեկտեմբերի 14-ին հաստատել էր Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին պայմանավորվածության առկայությունը: ՀՀ ԱԳՆ-ը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







