Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու պահից ռուս խաղաղապահներն ավելի քան 1900 զոհվածի մարմին են վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այս մասին TACC-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Խաղաղապահներն ավելի քան 1960 մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Մինչ օրս շարունակում ենք որոնողական միջոցառումները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև հավելել է, որ երկու կողմերից ավելի քան 100 զինծառայողներ ազատ են արձակվել գերությունից և վերադարձվել են հայրենի հող:
Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







