ՄԻՊ գրասենյակն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը։
Նշենք, որ թերթի տեղեկություններով՝ ՀՀ ՄԻՊ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մովսես Առաքելյանին թերթը հարցրել էր՝ ճի՞շտ է, որ Թաթոյանի հետ բանակցություններ են սկսել։ «Մեր կուսակցության ղեկավար կազմը հայտնի է, կուսակցության ղեկավարը Մանե Թանդիլյանն է, մեր կուսակցությունում ով էլ ներգրավվում է, հանրությունը պատշաճ տեղեկանում է»,- նշել էր նա։
Ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակից նշել են․
««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։