Իրանի խորհրդարանում Քոմ քաղաքի ներկայացուցիչ Մոջթաբա Զոնուրին երկուշաբթի օրն ասել է, որ տարածաշրջանի երկրները մեծ գին կվճարեն, եթե վտանգ ներկայացնեն Իրանի շահերի համար: Այդ մասին գրում է IRNA-ն։
Զոնուրին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտել է երկրների բարիդրացիական հարաբերությունները և հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, հատկապես հարևան երկրների նկատմամբ:
Իսլամական երկրներն ավելի մեծ նշանակություն ունեն Իրանի համար, քանի որ մենք նրանց նկատմամբ ունենք կրոնական մտերմության զգացում, հավելել է նա:
Լավ հարևանությունն ու փոխադարձ հարգանքը պահանջում են, որ այլ երկրներ նույնպես հարգեն Իրանին և վտանգ չներկայացնեն Իրանի համար, ասել է նա:
Եթե երկիրն ապավինում է Իրանի թշնամիներին` նրանց անվտանգությունն ապահովելու և թույլ տալու ներկայություն ունենալ մեր սահմանների ետևում կամ ցանկանում է փոխել սահմանները, դա սպառնալիքի զգացում կառաջացնի Իրանում, նշել է պատգամավորը:
Զոնուրին քննադատել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ ասելով՝ վերջինս սխալ է հաշվարկել՝ մտածելով, որ եթե նրանք դաշինք կնքեն Թուրքիայի և Իսրայելի ռեժիմի հետ, ապա կկարողանան կտրել Իրանի մուտքը Հայաստան համատեղ սահմաններով:
Նա զգուշացրել է տարածաշրջանի բոլոր երկրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Թուրքիային, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կմնա բարեկամ, քանի դեռ նրան բարեկամական ձեռք են մեկնում, կամ նրանք մեծ գին կվճարեն, եթե վտանգ ներկայացնեն Իրանի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







