Ես շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտագործի ցեղասպանություն բառը: Մենք հիշում ենք, մեկ տարի առաջ ԱՄՆ և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Այս մասին լրագրողներին Ծիծեռնակաբերդում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում էր, սակայն ԱՄՆ գործադիր իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ակնկալում է, որ Բայդենը կկիրառի սպասված ձևակերպումը, որից հետո կարող ենք արձանագրել, որ այդ երկրի իշխանություններն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը:
Մարուքյանն ընդգծեց, որ տվյալ հարցով աշխատանք, անշուշտ, կատարվել է, սակայան դա լոկ ՀՀ կառավարության աշխատանքը չէ. անուրանալի է սփյուռքի դերն այդ ամենի մեջ:
«Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ինձ համար ուժեղ պետություն կառուցելու դասերի օր է»,- ասաց պատգամավորը: Նա մատնանշեց պատմության մեջ ցեղասպանված բոլոր ժողովուրդներին՝ ասելով, որ դա կամ պետություն չունեցող կամ անարդյունավետ պետություն ունեցող ազգերն են եղել: Սա բացառելու միակ պայմանը հզորանալն է, ստեղծել արդյունավետ պետություն, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







