Կառավարության նախորդ տարվա կատարողականը ներկայացնելուց հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Հարավկովկասյան երկաթուղու» հետ համագործակցության, ինչպես նաև ազգային ավիափոխադրող ունենալու տեսլականի մասին։
Գորգիսյանը հետաքրքրվեց «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված գործընթացից՝ մասնավորապես, հարուցված քրեական գործի ընթացքից։ Պապիկյանը նշեց, որ այդ գործընթացների հետ գերատեսչությունը որևէ առնչություն չունի, և խոսեց համագործակցության մասին։
«ՏԿԵ-ն կարողացել է հասնել նրան, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ունենք ընդհանուր համաձայնություն՝ առաջիկա 4 տարիներին ներդրումները 39 միլիարդով ավելացնելու մասին, որի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է գնել 4 շարժակազմ, 27 նոր վագոններ։ Մայիսին այդ ամենը կլինի Հայաստանում։ Ես նաև գործող բոլոր կայարանները վերանորոգելու առաջարկ եմ արել։ Թեպետ «Հարավկովկասյան երկաթուղին» ֆինանսական խնդիրներ ունի, բայց պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ իրականացնել այդ գործընթացը ևս»։
Ինչ վերաբերում է ազգային ավիափոխադրող ունենալու տեսլականին՝ Պապիկյանը նշեց․ «Առաջիկայում նոր ավիաընկերություն կունենանք, արդեն որոշ քայլեր այդ ուղղությամբ արվել են։ Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին սկսել աշխատանքները»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018 թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ էին անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գրասենյակում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին փաստաթղթեր, ստուգվել էին աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







