Կենտրոնական բանկը 2021 թվականի համար կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ, իսկ մեր բյուջեի կանխատեսումներով դա 3,2 տոկոս է։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսների արդյունքներն ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարն էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը: Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա կարծիքով, եթե համադրենք և պահենք աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Քերոբյանը, սակայն, չի ուզում բացահայտել ծրագրերը, նշում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որ արդեն իրագործված են:
«Ձեզ ասել եմ «Էվոլուշն գեյմինգի» մասին, երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում ամենամեծ ինտենսիվ ծիրանի այգին է, որտեղ բազմամիլիոն ներդրումներ են արվել՝ պետական օժանդակությամբ: Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա: Բացի դրանից արդյունաբերական ոլորտում էլ ծրագրեր կան, որոնց մասին ես կխոսեմ, երբ կսկսեն աշխատել»,- ասաց նախարար Քերոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







