Կա պնդում, որ Կառավարությունն օգտագործելու է իր լծակները և ինչ-որ առումով կեղծելու է ընտրությունները։ Որպես հակապնդում կառավարությունն ասում է, որ, օրինակ, 2018 թվականին Կապանում ՔՊ կուսակցությունը պարտվել է։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Նա Կառավարության որևէ անդամի խնդրեց հստակեցնել կիրառվելիք մեխանիզմները, որոնցով կբացառվեն բոլոր տեսակի ընտրախախտումները։
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ուղղակի չենք կեղծելու։ Դա է բանաձևը, ինչո՞ւ կեղծենք։ 2018 թվականից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել։ Հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել»,- ասաց Բադասյանը և շարունակեց, որ մեխանիզմներից մեկը Ընտրական կամ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում հնարավոր փոփոխություններն են։
Բադասյանը համոզված է, որ մնացած հարցերում ԸՕ-ը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին և նույնիսկ արտախորհրդարանական ուժերին իրականացնել իրենց վերահսկողությունը։
Իսկ ինչպե՞ս են բացառվելու բռնությունները, չէ՞ որ սպասվում են համեմատաբար լարված ընտրություններ, ու բռնությունից խուսափել գուցե հնարավոր չլինի՝ հարցնում է Գրիգորյանը։
Բադասյանը չի կիսում լարված ընտրությունների մասին պատգամավորի կանխատեսումները, իսկ բռնությամբ, Բադասյանի հավաստմամբ, ամենայն խստությամբ զբաղվելու է ՀՀ ոստիկանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







