Արցախյան վերջին պատերազմը նույնպես շանս է վերլուծելու թույլ տված սխալները, անհրաժեշտ եզրակացություններ անելու և առաջ շարժվելու համար: Եթե մենք շարունակենք հասարակությունը բաժանել մերոնքականների ու թշնամիների, «սպիտակների» ու «սևերի», հեղափոխականների ու հակահեղափոխականների, Հայաստանը զարգացման ոչ մի հեռանկար չի ունենա:
Այսպիսի կարծիք հայտնեց Մարկ Գրիգորյանի «Խոսենք ապագայի մասին» հեղինակային հաղորդման հյուր, հայտնի գործարար և բարերար, Futures Studio-ի կառավարման գործընկեր, «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Հայերի հիմնական խնդիրն այն է, որ նրանք հակված են ցանկացածին մեղադրել իրենց բոլոր անհաջողությունների և ձախողումների համար, ցանկացածին, բայց ոչ իրենց»,- նշեց Վարդանյանը:
Նրա խոսքերով, այժմ անհրաժեշտ է իրականացնել բոլոր առկա և հնարավոր ռեսուրսների յուրօրինակ հավաքագրում՝ ոչ միայն բուն Հայաստանում, այլև սփյուռքում: Այսօր մենք ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին պետք է մտածենք, գոնե 20 տարի առաջ նայենք:
«Անհրաժեշտ է ազատվել Խորհրդային Միությունից ժառանգված բոլոր ավելորդ կլիշեներից և բոլոր տեսակի կեղծ-կառույցներից, ինչպիսիք են գրողների, կոմպոզիտորների միությունները և այլն:
Մենք պետք է ընտրենք զարգացման մոդելներ, ոչ թե անձանց, ստեղծենք նոր հարաբերություններ սփյուռքի հետ, կառավարման նոր համակարգ, նոր ինստիտուտներ»,- ընդգծեց Վարդանյանը:
Գործարարի խոսքով՝ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել զարգացման երկու մոդելների միջև: Առաջինը Ռուսաստանի հետ սերտ ինտեգրումն է, ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության բոլոր նախասիրությունների օգտագործումը, և դա պետք է լինի ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ապահովման միջոցով:
Երկրորդ մոդելը բարձր զարգացած տնտեսություն ունեցող երկրի ստեղծումն է: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիաներ, կրթություն, առողջապահություն, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնցում Հայաստանը կարող է ապահովել իր մրցունակությունը:
Անհրաժեշտ է արմատապես փոխել Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների մոդելը.
«Խոսքը փոխշահավետ գործընկերության և ներդրումների մասին է: Եթե մենք խոսում ենք բանակի վերականգնման, տնտեսության, մրցակցային ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գիտության ոլորտներում բարեփոխումների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ հաջորդ 10 տարիների ընթացքում 10-20 միլիարդ դոլարի ներդրումներ կպահանջվեն: Բայց ցանկալի արդյունքի հասնելու համար այդ միջոցները պետք է ճիշտ ներդրվեն:
Վարդանյանը պատասխանեց նաև մի հարցի, թե ցանկություն ունի՞ արդյոք դառնալ ՀՀ կառավարության ղեկավար, նշելով, որ չունի: Նախ կացության իրավունքը խոչընդոտ է, և երկրորդ՝ նա չի ցանկանում անձնավորել այս հարցը, քանի որ մոդելի ընտրությունն իր համար ավելի կարևոր է: Եվ, վերջապես, նա երբեք չի աշխատել պետական մարմիններում և չունի համապատասխան փորձ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







