Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ուժի կիրառման սպառնալիք, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։
Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16֊ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ուժի կիրառման սպառնալիք, ապա պատկերն ավելի է հստականում»,- գրել է Սիմոնյանը։
Ինչպես պատգամավորն է ասում՝ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում և մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք-ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ և այլն։
«Նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ-որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ֊ի կանոնադրության 51֊րդ հոդվածի ուժով ինքնապաշտպանության լեգիտիմացման համար»,- գրել է Տարոն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







