«Իրատես» թերթ
Ծառուկյանը կպահանջի Փաշինյանի հրաժարականը. իր հանրահավաքին ուղիղ հայտարարելու է
«Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։
Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին դեռ չի անդրադառնում։ Իշխանության անդորրը մի պահ խռովվեց, երբ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, թե հանրահավաք է անելու։ Բոլորն անցան գործի, հակադարձեցին ու համարյա «թող անի, տեսնենք» հանգով խոսքուզրույցն ավարտեցին։ Ի վերջո, իշխանությունն ունի առավել քան հզոր զենք՝ կարանտինը, որը մահակ է ցանկացած ընդդիմադիր ուժի գլխին, քանի որ զանգվածային հավաքներին կարող է մեկ ժամում վերջ դնել։
Սակայն անկախ իրողությունից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ընդդիմադիրների գործունեությանը (յուրաքանչյուր իշխանություն իր մեթոդներն ու ձևերն ունի ընդդիմադիրներին լռեցնելու), շատ ավելի կարևոր է, թե ինչ է իրականում ուզում ընդդիմությունն ու ինչ մեթոդներով է փորձում իր նպատակին հասնել։
Հանրահավաքն ինքնանպատակ չի լինում։ Եթե ելույթների ու շեշտադրումների տրամաբանությունը լինելու է այն, ինչ վերջին շրջանում Ծառուկյանը տարբեր հանդիպումներին ասում է, նշանակում է քաղաքական առումով դա ոչինչ չտվող գործընթաց է։ Ավելին, եթե այդ ընթացքում պետք է նորից վերհաստատվի, թե ԲՀԿ-ն պահանջում է կառավարության 100-տոկոսանոց հրաժարական, նշանակում է էլի ոչինչ չասել։ Այդ ամենն արդեն հասարակությունը լսել է ու դեռ դրան միտված գործողություններ չի տեսել (գուցե ընդդիմության այս պահվածքը նաև արտակարգ դրությամբ էր թելադրված)։
Ավելին, ԲՀԿ-ականները հայտարարում են նաև, թե հանրահավաքի օրակարգ դեռ չունեն, ստացվում է՝ հանպատրաստից որևէ թեմայի շու՞րջ է լինելու։ Այն, որ երկրում հազար ու մի խնդիր կա, ակնհայտ է, բայց դրանք բարձրաձայնելու համար պիտի ամեն անգամ հանրահավաքնե՞ր անել։ Հետո տեղի՞ն է արդյոք, որ խորհրդարանական ուժը ողջ կառավարության հրաժարականը պահանջի, բայց ընդամենը մեկ կամ երկու ոլորտին առնչվող թեմա ընտրի հանրահավաքի համար։ Այդ թեմաները մեծ հաջողությամբ խմբակցության անդամների ջանքերով երկրի թիվ մեկ ամբիոնից էլ կարելի է բարձրաձայնել։
Ի վերջո, եղած բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուն երկրի վարչապետն է, հիմա Գագիկ Ծառուկանն իր հանրահավաքին ուղիղ հայտարարելո՞ւ է, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ կբավարարվի հերթապահ հայտարարություններով ու խնդիրները լոկ արձանագրելով։ Սրան հավելենք նաև, որ որպես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, ԲՀԿ-ն դեռ խորհրդարանական պայքարի բոլոր մեխանիզմները չի էլ սպառել, գուցե հենց այդտեղի՞ց պիտի սկսել կառավարության 100 տոկոսով հրաժարականի գործնական քայլերը»:
Երևանի կենտրոն են վերադարձել մարզեր մեկնող գազելներն ու տաքսիները
«Երևանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղևորափոխադրում իրականացնող գազելներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն և այնտեղ կայանումը։
Դրանք տեղափոխվեցին Երևանի ծայրամասեր՝ նպաստելով մայրաքաղաքի երթևեկության բարելավմանը։ Այն ժամանակ որոշ աղմուկ բարձրացավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր. նախ՝ կենտրոնը ազատվեց տարատեսակ գազելներից, երթևեկությունն էլ բավականին թեթևացավ։ Սակայն նոր իշխանության օրոք կարգուկանոն ասվածը շատ խորթ հասկացություն է։
Յուրաքանչյուր ոլորտում պետք է անկառավարելի քաոս լինի, ու այս համատեքստում, իհարկե, շատ տրամաբանական է, որ գազելները պետք է վերադառնային ու ժամերով կանգնեին քաղաքի կենտրոնում։
Նույնն է նաև փողոցային առևտրի վիճակը։ Դարձյալ Կարեն Կարապետյանի, հետագայում նաև Տարոն Մարգարյանի օրոք ազատվել էինք այդ ոչ հաճելի երևույթից, այսօր, սակայն, մայթերին հակահիգիենիկ վիճակում՝ փոշու, տրանսպորտային արտանետումների ու աղբի մեջ, բարգավաճում է առևտուրը. կողք կողքի վաճառվում են ձուկը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կանաչին։
Ունի՞ Երևանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու կամք ու մեխանիզմներ. կյանքը ցույց է տալիս, որ ոչ»:
«Լուսավոր Հայաստանն» ակնկալում է ՀՅԴ-ի ու «Կամքի» օժանդակությունը
«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից:
Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանը» ցույցին միանալու առաջարկով ո՛չ խորհրդարանական գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին» է դիմել, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նախաձեռնությանը:
«Որեւէ ուժի չենք դիմել, եթե միանան, ավելի ուրախ կլինենք: Իհարկե, հասկանում ենք, որ ՀՅԴ-ի ցույցերին մենք չենք միացել, հետեւաբար, գուցե այժմ էլ իրենք մեզ միանալու անհրաժեշտություն չտեսնեն, բայց կարծում ենք՝ հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե ամսի 16-ին գան խորհրդարանի բակ, միայն ուրախ կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը»:
«Փաստ» թերթ
«Իմ քայլում» լարված իրավիճակ է. ով է լինելու ՍԴ ապագա նախագահը
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները:
Ընդ որում, թեմաները բավականին տարբեր ու խորքային են, իսկ հակասություններն առավել ընդգծված են ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերադասավորումների եւ ՍԴ դատավորների ընտրության հետ։
Սակայն այս հարցերի հետ կապված անհամաձայնությունները պայմանավորված չեն միայն ՍԴ դատավորների թեկնածություններով, որոնց հետ կապված՝ մինչեւ քննարկումն ու այսօր սպասվող քվեարկությունը խմբակցությունում բուռն բանավեճեր են եղել, այլ նաեւ ՍԴ ապագա նախագահի թեմայով։
Ըստ մեր աղբյուրների, խմբակցության ներսում մասնավորաբար զգալի թիվ են կազմում նրանք, որոնք համոզված են, որ ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, այլ ոչ թե Վահե Գրիգորյանը, որի հետ կապված իշխանության ներսում շատ լուրջ վերապահումներ կան»:
Հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու․ «կարմիր գծի» վերին շեմին ենք
«Մասնագետներն ու փորձագիտական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, ինչը համարվում է «կարմիր գծի» վերին շեմը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։
Տեղեկությունների համաձայն, վարկի առյուծի բաժինը (մոտ 150 մլն դոլար) հատկացվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4 հատվածին, որն ընդգրկում է Քաջարան-Ագարակ շուրջ 42 կմ հատվածը:
Ի դեպ, պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարկային համաձայնագրի թեման նախատեսված է եղել կյանքի կոչել դեռեւս 2016-ի դեկտեմբերին, որն ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվել է, իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա էլ էր կասեցվել՝ կապված մի շարք դատական գործընթացների ու տարբեր քրեական պատմությունների հետ։
Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկա փուլում իշխանությունները նախատեսում են մոտ 4 տարվա վաղեմություն ունեցող վարկային գործընթացը վերսկսել։ Տեղեկության համաձայն, սա պայմանավորված է նաեւ տնտեսական առկա ծանր վիճակով. սա հնարավորություն կտա որոշակի գումար ներարկել տնտեսության մեջ՝ ինչ-որ ակտիվություն ապահովելու համար»:
«Ժողովուրդ» թերթ
Արսեն Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. նրան չեն համոզել
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել:
Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հիմնականում ներկա են գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաեւ Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը եւ այլք:
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարվել են, որևէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինս դիմել է նման քայլի: Ըստ պատգամավորների՝ Ջուլֆալակյանն ամեն ձևով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել:
Չնայած այն բանին, որ իմքայլականները ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միեւնույնն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու»:
«Հրապարակ» թերթ
«Իմ քայլը» Խունդկարյանի «մեծարման ցերեկույթ» էր կազմակերպել
«Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, սակայն «Իմ քայլը» երեկ նրա փառաբանման ցերեկույթ կազմակերպեց։
Հիշեցնենք․ հանձնաժողովն արձանագրել էր, որ վճռաբեկի նախագահի՝ տարբեր տարիների կայացրած վճիռները Հայաստանին նյութական մեծ վնասներ են հասցրել, ՄԻԵԴ-ը դրանք ճանաչել է ոչ օրինական եւ 300 հազար եվրոյից ավելի վնասի փոխհատուցում պարտադրել Հայաստանին։ Դա վատ է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա։
Նույնիսկ իշխանության համախոհ Արման Բաբաջանյանի կարծիքով, նման թեկնածուի գործուղումը ՍԴ լինելու է «ապտակ հեղափոխությանը», սակայն «Իմ քայլում» կարծում են, որ վահեգրիգորյանական խոսափողի տեսակետը չի կարող անկողմնակալ լինել։
Իսկ իշխանականները միայն փափուկ հարցեր էին տալիս, իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնիսկ նրան պաշտպանեց ընդդիմադիրների հարձակումներից և «կոռուպցիոներ» բնորոշումից՝ հորդորելով, որ քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում, պետք է ընդունել մարդու անմեղությունը»:
Հնարավո՞ր է՝ Ջուլֆալակյանին տեսնեն Ծառուկյանի կողքին. «Իմ քայլում» անհանգստացած են
«Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերևների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։
Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան և այլք։ Փորձել են հասկանալ նրա քայլի պատճառները։
Թեպետ ոմանք վստահեցրին, որ նախաձեռնողը Ջուլֆալակյանն էր, սակայն մի քանիսը խոստովանեցին՝ «անկայուն» այս ժամանակներում չեն ուզում, որ խմբակցությունը ճաք տա։ Պատգամավորներից մեկն անգամ հետաքրքրվել է՝ իր քայլը կապ ունի՞ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է հետո իրեն տեսնեն Ծառուկյանի կողքին։
Ջուլֆալակյանը դա բացառել է, ասել է, որ որևէ պարտավորվածություն չունի Ծառուկյանի նկատմամբ, ինչի հասել է, իր ուժերով է հասել։
Պնդել է, որ պատճառն Արայիկ Հարությունյանն է՝ չի կարող դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է ոլորտը կործանվում։ Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արսենը տաղանդավոր մարզիկ և կիրթ պատգամավոր է, և ինքը հույսը չի կորցնում, որ նա կփոշմանի։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարող է դիմումը հետ վերցնել 7 օրվա ընթացքում, իսկ հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







